Ցյուրիխյան արձանագրությունները չեղարկվեցին նույն հերոսականությամբ, որով ստորագրվեցին: Tert.am-ին տված հարցազրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Դրանք նույն խիզախությամբ ու անձնազոհությամբ առոչինչ հայտարարվեցին, ինչպես ստորագրվեցին: Ցանկացած պետություն պետք է հարգի իր պետականությունը, իր պետական պաշտոնյայի ստորագրությունը, և եթե սկսվել էր այդ գործընթացը, պետք է շարունակվեր: Արձանագրությունները Հայաստանի Ազգային ժողովի կողմից պետք է վավերացվեին: Դա կլիներ ամենաճիշտ քայլը քաղաքական առումով, մենք գնդակը կտեղափոխեինք Թուրքիայի դաշտ: Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, խոսում է, թող իր նախապայմաններով էլ մնա: Մենք նախապայման ունե՞նք Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կապո՞ւմ ենք Ադրբեջանի հետ, ոչ, հետևաբար, մենք պետք է վավերացնեինք այդ համաձայնագիրը»,- նշեց պատգամավորը:
Եթե Հայաստանը վավերացներ համաձայնագիրը, այդ դեպքում, Արամ Սարգսյանի խոսքով, ամբողջ աշխարհը Թուրքիային կասեր, թե «դու ձև ես արել, որ բանակցել ես». Թուրքիան կընկներ այն երկրների հարվածների տակ, որ կարծում էին, թե այս արձանագրությունները կարող են իրականություն դառնալ: Արամ Սարգսյանը նկատեց, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն արձագանքում Հայաստանի հայտարարությանը, բայց մամուլը և փորձագետները բավական հետաքրքիր բացատրություններ են տալիս: «Մամուլի ու տեղական չինովնիկների մակարդակով իրենք ասում են, թե հայերը ձև են անում, որ օրակարգում չի եղել արձանագրությունները ստորագրելու խնդիր, իսկ իրենք ժողովրդավար, ազգ սիրող, բազմազգ ժողովուրդ են ու համապատասխան իրավիճակում վավերացնելու էին այս փաստաթուղթը: Իրենք ասում են, թե ուզում էին հայերի հետ բարեկամական հարաբերություններ կառուցել, բայց հայերը անլուրջ ժողովուրդ են ու հույսներն ուրիշի վրա են դնում: Սա թուրքական ամբողջ մամուլի դիրքորոշումն է»,- նշեց Արամ Սարգսյանը: Միջազգային հանրությունն էլ նայում է իր դիտանկյունից. «Երկու հարևան երկիր միմյանց հետ վիճեցին, և երկուսն էլ նույնքան հետամնաց են: Նրանք կոչ են անում լեզու գտնել, խաղաղության ճանապարհով գնալ»: «Հայաստանը համաձայնեց այդ հորինած պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը: Մենք ասացինք, որ պատրաստ ենք: Դրանով Թուրքիայի իշխանություններին շանս էր տրվում, որ սեփական ժողովրդին ասեն, որ, այո, եղել է Ցեղասպանություն: Իմ պաշտոնավարման ժամանակ մի քանի անգամ եղել են նման խոսակցություններ: Թուրքիայի իշխանությունները խնդիր ունեն սեփական ազգայնականության հետ, և գուցե պատմաբանները ուսումնասիրեին ու ասեին, որ նման խնդիրներ կան: Եթե ճիշտ օգտագործվեր այս հանձնաժողովը, չկապվեր այն երրորդ երկրի հետ, դա օգուտ կտար Թուրքիային էլ, Հայաստանին էլ»,- ասաց պատգամավորը:
Սարգսյանն ասաց, որ տրամաբանության բացակայություն կա՝ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշել, իսկ մենք՝ ոչ, բայց մենք հետ ենք կանչել արձանագրությունները: «Մենք նախաստորագրել ենք, մենք կողմ ենք հարաբերությունների կարգավորմանը, համաձայն ենք պատմաբաններով Ցեղասպանության եղելության քննմանը, բայց… Հերոսաբար հետ կանչելն ընկալելի չէ, Թուրքիան օգտագործելու է, շահարկելու է այս հանգամանքը»,- ասաց նա:
Խոսելով հայկական Սփյուռքի արձագանքի մասին՝ Սարգսյանը նկատեց, որ բոցաշունչ ելույթներ են ունենում, գործընթացը սկսելու ժամանակ քննադատում էին իշխանությանը, իսկ հիմա՝ գովաբանում են: «Մենք ազգովին մեկ խնդիր ունենք՝ մեր ամբողջ ազգի ներուժը դնել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հենց լուծվի այդ խնդիրը, հավատացեք, որ հայ-թուրքական հարաբերությունները արագ կլուծվեն առանց պատմաբանների հանձնաժողովի էլ»,- շեշտեց նա: Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններին ամեն դեպքում չի կարելի մեղադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց նախաձեռնելու համար:
«Այն, ինչ կանխատեսելի է, չի նշանակում, որ չպետք է անես: Երբ կա առաջարկը, երբ այն չես անում, վատ է: Ավելին, դա բխում է մեր փակ սահմանները բացելու շահերից: Նման առաջարկի դեպքում Հայաստանի իշխանությունները 100 տոկոսով համոզված չէին, որ Թուրքիան դրանք վավերացնելու է, բայց չգնալ դրանց վավերացմանը ես համարում եմ սխալ: Մեղադրել իշխանություններին փորձի համար, չի կարելի»,- հավելեց նա: